ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի մեծ համերգասրահը կոչվեց Տատյանա Հայրապետյանի անվամբ

Չայկովսկու անվան  երաժշտական դպրոցի մեծ համերգասրահը կոչվեց Տատյանա Հայրապետյանի անվամբ
31.03.2017 | 10:26

Մարդկության գյուտերից երկուսը կարելի է համարել ամենադժվարինը` ղեկավարելու արվեստը և դաստիարակելու արվեստը։
Իմանուիլ ԿԱՆՏ


Մի փիլիսոփա ասում էր, թե պատմության ընթացքում բոլոր իմաստուններն այս կամ այն կերպ փորձել են բացատրել կյանքը, սակայն ամբողջ խնդիրը այն բարեփոխելու կարողության մեջ է։ Փառք Աստծո, եղել են և կան մարդիկ, որոնք կարողացել են իրենց բնագավառում բարեփոխություններ իրականացնել։ Այդպիսին էր լուսահոգի ՏԱՏՅԱՆԱ ԲԱԳՐԱՏՈՎՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ։ Նախախնամության ընտրյալ, երիտասարդ Տանյան, իր առաքելությունն իրագործելու համար, նախ պիտի զինվեր խոր գիտելիքներով։ Եվ կատարելագործվելու համար նա պիտի գնար Մոսկվա։


Ահա այսպես է նկարագրում ջութակահարուհու հայտնվելը Մոսկվայում ակադեմիկոս Նիկոլայ Նիկողոսյանը. «1940-ական թվականներին Տանյան ներխուժեց մոսկովյան հայերի միջավայրը, երիտասարդ երաժիշտների, գեղանկարիչների ու դերասանների միջավայրը... և յուրացնելով այն ամենը, ինչ կարելի է ստանալ Մոսկվայում` համաշխարհային մշակույթի այդ կենտրոնում, վերադարձավ Հայաստան և շատ բան արեց Հայաստանի երաժշտական, մշակութային ու կրթական ավանդույթները պահպանելու և բազմապատկելու համար» (Տատյանա Հայրապետյան, «Մեղեդիներ իմ հուշերի», Մոսկվա, 2005, էջ 130)։ Շատ դիպուկ է ասված` «ներխուժեց»։ Տատյանա Բագրատովնան, Մոսկվայի կոնսերվատորիան գերազանցությամբ ավարտելուց հետո, 1948 թ. «ներխուժեց» Հայաստան. եկավ, տեսավ և փոխեց։ Այո, փոխեց այն ամենը, ինչը ենթակա էր փոխվելու։ Նա իր կարիերան սկսեց որպես սովորական դասատու, հետագայում դրան գումարվեց ուսումնական մասի ղեկավարի պաշտոնը, իսկ 1978 թ. Տատյանա Բագրատովնան դարձավ դպրոցի տնօրեն։ Նա ամենաերկարամյա տնօրենն էր դպրոցի պատմության մեջ և ղեկավարել է կրթօջախը երկու հակամարտ ժամանակաշրջաններում` խորհրդային և անկախության, որն ազդարարվեց Արցախյան պատերազմի թնդանոթներով։ Ասում են, երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են։ Սակայն Չայկովսկու դպրոցի «մուսաները» չլռեցին։ Մեր պանծալի զինվորները հաղթանակներ էին տանում ռազմի դաշտում, իսկ մեր երաժիշտները` միջազգային ասպարեզում։ Նրանց յուրաքանչյուր համերգը հաղթանակ էր` բարու` հանդեպ չարի, լույսի` ընդդեմ խավարի։ Այդ լուսակիրներից էին միջազգային մրցույթների դափնեկիրներ Սերգեյ Բաբայանը, Նարե Արղամանյանը, Նիկոլայ Մադոյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Արմեն Բաբախանյանը, Նարեկ Հախնազարյանը և այլք, որոնք Ժան Տեր-Մերկերյանի, Մեդեա Աբրահամյանի, Յուրի Հայրապետյանի արժանի հետևորդներն են։ Եվ այս բոլորը «ծնունդով» Չայկովսկու անվան դպրոցից էին։


Եվ համատարած փլուզման, սովի, ցրտի տարիներին, երբ նույնիսկ հսկա գործարաններն ու հաստատություններն էին քայքայվում, Չայկովսկու դպրոցը դիմակայեց։
Ըստ դասականների` ապրել կնշանակի պահպանել որոշակի ձև, կառույց։ Եվ ահա Տատյանա Բագրատովնան իր անկոտրում կամքով պահպանեց իր դպրոցը, որը երաժշտագետ Զարուհի Տեր-Ղազարյանը բնորոշել է որպես «alma mater», այսինքն` սնուցող մայր, բարեպաշտ մայր։ Այդպես են անվանում Սորբոնի, Օքսֆորդի, Քեմբրիջի և այլ դասական համալսարանները։ Ես կասեի, որ հենց Տատյանա Բագրատովնան էր «alma mater», քանզի իր զավակներին, դպրոցի սաներին տալիս էր ոչ միայն հոգևոր սնունդ, այլև սովի տարիներին աշակերտներին սնունդ էր ապահովում։ Նա այնպիսի ընթացք է հաղորդել դպրոցին, որ այն շարունակում է իր հաղթարշավը նույնիսկ հիմա, երբ Տատյանա Բագրատովնան այլևս մեզ հետ չէ։ Ասել է թե` նրա դասերը շարունակվում են։ Եվ ուրախալի է, որ այսօր Չայկովսկու անվան դպրոցի մեծ համերգասրահը կոչվում է Տատյանա Հայրապետյանի անունով։ Համերգասրահ, որը կարելի է բնորոշել որպես մի «կոսմոդրոմ», «թռիչքային հրապարակ», որտեղից մեկնարկում են միջազգային մրցույթների դափնեկիրները, որտեղից սկիզբ է առնում դեպի Պառնաս տանող վերելքի ուղին։


Տատյանա Բագրատովնայի «Մեղեդիներ իմ հուշերի» գրքից մեջբերենք Արամ Խաչատրյանի հետևյալ խոսքերը. «Շատ հաճելի է նշել, որ իմ հարազատ Երևանում կա կադրերի այդպիսի հիանալի դարբնոց» (անդ, էջ 132)։ Այսօր Վարպետը հավանաբար կասեր. «Շատ ուրախալի է, որ այդ «դարբնոցի» մեծ համերգասրահը կոչվում է տաղանդավոր Տանյա Հայրապետյանի անունով»։
Անվանակոչության հանդիսավոր արարողությունը բացվեց շեփորահարների տուշով։ Տ. Հայրապետյանի նախկին սան, ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը մեծ ներշնչանքով, իմաստությամբ զսպված ալեկոծումներով կատարեց Ժյուլ Մասնեի «Մտորում» ստեղծագործությունը (դաշնամուրի նվագակցությունը` Զարուհի Աբովյանի), ելույթ ունեցան նաև դպրոցի երգչախումբը` արվեստի վաստակավոր գործիչ Սարինա Ավթանդիլյանի ղեկավարությամբ, ջութակահարների անսամբլը (ղեկավարի պաշտոնակատար` Էմմա Լալայան)։ «Շչելկունչիկ» մոսկովյան մրցույթի դափնեկիր Պոլինա Շարաֆյանը (պրոֆ. Ա. Կոսեմյանի դասարան) նվագեց Չայկովսկու կոնցերտի 3-րդ մասը (դաշնամուրի նվագակցությունը` Զարուհի Խաչատրյանի), իսկ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր, Տ. Հայրապետյանի աշակերտուհի Մարիամ Վարդանյանն իր ուսուցչի հիշատակը պայծառացրեց Արամ Խաչատրյանի Կոնցերտի 2-րդ մասի կատարումով։ Դպրոցի գործունեության մասին իրենց հուշերով, երախտագիտության խոսքով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստներ Յուրի Դավթյանը, Մեդեա Աբրահամյանը, դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր, արվեստագիտության դոկտոր Մհեր Նավոյանը, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը։ Սիրելի ուսուցչիս մասին հուշեր պատմեցի նաև ես։ Հանդիսությունը բովանդակալից խոսքով վարեց արվեստագիտության թեկնածու Օլյա Նուրիջանյանը։


Անվանակոչությանը ներկա էին տիկին Ռիտա Սարգսյանը, Տ. Հայրապետյանի որդին` կոմպոզիտոր Արմեն Սմբատյանը, թոռը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դպրոցի նախկին սան Նաթան սրբազանը, Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը, դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը, Կոնստանտին Օրբելյանը, կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Էդուարդ Հայրապետյանը, Վաչե Շարաֆյանը և այլք։ Այսուհետ հոյակերտ դահլիճը, համերգների հայտագրերը կզարդարվեն Տ. Հայրապետյանի հնչեղ անվամբ, որը, պահապան հրեշտակի պես, կուղղորդի երաժիշտներին դեպի նորանոր լուսեղեն բարձունքներ։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 19415

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ